Ճապոնիան կշարունակի աջակցել Արցախյան պատերազմից տուժածներին. Միրզոյանն ընդունել է դեսպանին

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման հանդիպման ընթացքում անդրադարձել են այն ոլորտներին, որտեղ հնարավոր է ընդլայնել հայ-ճապոնական համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ:
Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնումը՝ ելնելով խաղաղությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ճապոնական կողմի օրակարգից:
Իր հերթին դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։
Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ մատնանշել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ու երիտասարդական փոխանակումների ոլորտները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ և խաղաղ կարգավորմանը:
Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնական բանկի ղեկավարի հետ
Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հատկացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած անձանց և պատրաստ է շարունակել նման օժանդակությունը: