ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։
Քիչ առաջ հայտնել էինք, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ–ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Հուլիսի 16-ին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։ Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չէր հաստատում այս լուրը։
Հավելենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, որն իր առաքելությունն ավարտում է Արցախում։ Ըստ տեղեկությունների՝ նախարարի հետ հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտը մեկնել էր Բաքու։
Հիշեցնենք, որ ռազմագերիների վերջին խումբը Հայաստան է վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։
Նշենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Նշենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։