ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Դիլիջանում մեկնարկեց Buissup գլոբալ ֆորումը։ Կրթական և քննարկումների հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է: Սա սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի (Armenian Business Forum 2021) ավարտական փուլն է: Գործարար ֆորումների շարքը կազմակերպում է Հայ գործարարների ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված ավելի քան երկու հարյուր մասնակիցներ նոր հմտություններ ձեռքբերելու, սեփական նախագծերը ներկայացնելու բացառիկ հնարավորություն կունենան։ Նրանք նաև կկարողանան իրենց նախագծերի իրականացման համար գործընկերներ գտնել։
«Երիտասարդական ձեռնարկատիրության զարգացումը երկրի տնտեսության զարգացման հենակետն է, փոքր ու միջին բիզնեսի գերակա ուղղություններից մեկը։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպիսի հսկայական ներուժ ունի ժամանակակից երիտասարդությունը, որքան շատ են տաղանդավոր երիտասարդները, որոնք պատրաստ են սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչել։ Այդ պատճառով կարևոր է համակողմանի կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, խթանել գործարար ակտիվության զարգացումը երիտասարդների շրջանում, նման նախագծերի զարգացման համար պայմաններ ստեղծել»,- ողջույնի խոսքում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Buissup գլոբալ ֆորումի շրջանակում կանցկացվեն մեկշաբաթյա կրթական և գործարար միջոցառումներ։ Լինելու են դասախոսություններ և տարբեր ձևաչափի քննարկումներ: Ֆինանսների կառավարում, մարքեթինգ և վաճառքներ, գործարար հաղորդակցում. այս ոլորտներում գիտելիքները կօգնեն սեփական ստարտափ բիզնեսը հաջողությամբ սկսել և զարգացնել։
«Խոսնակների մեջ խոշոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հաջողած ստարտափ նախագծերի, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստող հիմնադրամների ներկայացուցիչներ և բարձր որակավորում ունեցող բիզնես թրեյներներ են, որոնք կփոխանցեն իրենց փորձը և կբացեն հաջողակ ընկերություն հիմնելու գաղտնիքները»,- նշված է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Buissup գլոբալ ֆորումի ծրագրով նախատեսված «Առաքելություն 2030. Հայաստանի տեխնոլոգիական ապագան և բիզնեսի զարգացումը» թեմայով պանելային քննարկմանը կմասնակցեն «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր տնօրեն Արմեն Օրուջյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության հիմնադիր Գևորգ Պողոսյանը:
Ֆորումի շրջանակներում նաև մրցույթ է նախատեսված։ Երիտասարդ ձեռնարկատերերը պրոֆեսիոնալ ժյուրիին կներկայացնեն իրենց նախագծերը: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կկարողանան սեփական բիզնես գաղափարները սեպտեմբերի 20-ին ներկայացնել «Հայկական բիզնես ֆորում 2021»-ում, որին կմասնակցեն սեփական բիզնեսի դիվերսիֆիկացիայով հետաքրքրված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և ներդրողներ: