Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. պաշտպան

Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը քննարկում է ձերբակալման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է նրա փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ նշելով, որ Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Այս պահին նրա մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ, որի ավարտից հետո փաստաբանները հանդես կգան հայտարարությամբ՝ ներկայացնելու մեղադրանքների սնանկությունը։
«Փաստինֆոյի» տեղեկություններով` քրեական գործը հարուցվել է ավելի քան 1,5 տարի առաջ, ինչի մասին տեղյակ է եղել նաև Հովսեփյանը և ըստ անհրաժեշտության ներկայացել նախաքննական մարմնին, ինչը խիստ անհարմար վիճակի մեջ է դրել քննիչին։
«Հովսեփյանը որևէ կերպ չի փորձել խոչընդոտել քննությանը, հակառակը՝ նպաստել է բազմակողմանի քննության իրականացմանը, չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, թեև այս ընթացքում երբևէ սահմանափակված չի եղել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, որպիսի պայմաններում քննիչը չի ունեցել նրան ձերբակալելու որևէ իրավական հիմք»,– գրում է կայքը։
Վճռաբեկը կալանքի չի տանի «Պատրոն Դավոյին». «Ժողովուրդ»
Պաշտպանական կողմը քննարկում է ձերբակալման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հարցը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտնել էր, որ Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800 մլն դրամ գույքի հափշտակություն: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Պետք է պատժել օրենքի ամբողջ խստությամբ. Աղվան Վարդանյանին ՀՔԾ են հրավիրել