ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Католикос Гарегин II принял Чрезвычайного и Полномочного посла Ирана Аббаса Бадахшана Зохури (7 сентября 2021). Эчмиадзин
© Photo : Info Service Dept of the Mother See
Վեհափառ հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նրան:
Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:
Նորին Սրբությունը կարևորել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու կսերտանա:
Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը: