Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Արձանագրվող դեպքերից հետո անպատժելիությունը հիմք է դառնում դրանց կրկնության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։
«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,- նշված է գրառման մեջ։
Պաշտպանի խոսքով՝ կեսգիշերն անց ևս ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները։ Դրանք հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, նյութական վնաս էլ չի արձանագրվել։
ՌԱԴԻՈ
Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են բնակիչների բնականոն կյանքն ու գործունեությունը։
Նա նաև ընդգծում է, որ արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը, մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է դառնում նման դեպքերի կրկնության համար։
Ստեփանյանը պնդում է՝ անհրաժեշտ է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննություն իրականացնել ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ։
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: