ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 5-ին։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։
Դեպքի վայի ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն է։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։ Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու համար։
Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։