Որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են. ԱՆ–ից հայտնել են պատճառը

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է շրջանառվող լուրերը, որ պետպատվերով բուժումը մինչև 2022 թվականը սառեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է։
Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Yerevan.Today-ն այսօր գրել է, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվականը։
«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- Sputnik Արմենիային ասացին նախարարությունից։
ԱՆ–ից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։
Հավելենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ,  տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Իսկ ահա 2020-ին 113.7 մլրդ դրամ է եղել։