ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանական Փանջշեր նահանգը ամբողջությամբ անցավ թալիբների վերահսկողության տակ։ Այս մասին Twitter–ում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը։
«Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված վերջին ջանքերը նույնպես արդյունք տվեցին, և Փանջշեր նահանգը լիարժեք անցավ Իսլամական էմիրության վերահսկողության տակ», – ասվում է Մուջահիդի հրապարակման մեջ։
Նա հավելել է, որ որոշ ապստամբներ մարտերում պարտություն են կրել, մյուսները` փախուստի դիմել։ Թալիբները Փանջշերի բնակիչներին վստահեցրել են, որ իրենց չեն ճնշելու։
Օգոստոսի սկզբին «Թալիբանը»* ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին զանգվածային հարձակում սկսեց Աֆղանստանի կառավարական ուժերի վրա։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ և վերահսկողության տակ առան նախագահական պալատը։
*«Թալիբանը» Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։