ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՔԿ փոխնախագահ Ալեքսանդր Ֆյոդորովը մեկնաբանել է ռուսական սահմանների երկայնքով ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների կառուցումը։
«Թե՛ ռուսաստանցի մասնագետների, թե՛ միջազգային հանրության մոտ մտահոգություն է առաջացնում ՌԴ հարակից և ՌԴ սահմանակից պետություններում ԱՄՆ ռազմական գերատեսչության արտասահմանյան կենսաբանական ենթակառուցվածքների անվերահսկելի, ոչնչով չսահմանափակված ընդլայնումը», – ասել է նա «Խաբարովսկյան գործընթաց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ» միջազգային համաժողովի ժամանակ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ապրիլին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ աշխարհում, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ամերիկյան վերահսկողության տակ գտնվող նորանոր կենսաբանական լաբորատորիաներ են հայտնվում։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այնտեղ կենսաբանական զենք են արտադրում, նշել է Պատրուշևը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Յուրի Ավերյանովը մայիսին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այդ լաբորատորիաներից մահացու մանրէները կարող են իբրև հանկարծ հայտնվել բնության մեջ և հանգեցնել մարդկանց զանգվածային ոչնչացման ինչպես ՌԴ տարածքում, այնպես էլ հարակից երկրներում։
Նա նաև հայտնել էր, որ Վաշինգտոնը մի շարք երկրների համար կենսաբանական հետազոտությունների, առաջին հերթին՝ ռազմական բնույթի, անհատական պլան է մշակում, և դրանց կատարումը պարտադրում է որպես խաղաղասիրական ներկայացվող տարբեր համատեղ ծրագրերի միջոցով։
ԱՄՆ–ն իր կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ մտահոգություններին որևէ իմաստալից պատասխան չէր տալիս, թեև չինական կողմը բազմիցս հորդորել է ԱՄՆ–ին հստակ պարզաբանումներ տալ նման գործունեության վերաբերյալ, Ավերյանովի խոսքերը մեկնաբանելիս հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը։
1949 թվականի դեկտեմբերի 25-30–ն անցկացվող Խաբարովսկի գործընթացի ժամանակ էլ հենց հայտնի դարձավ ԽՍՀՄ–ի դեմ պատերազմող Գերմանիայի դաշնակից Ճապոնիայի չարանենգ ծրագրերի մասին։ Այդ ժամանակ աշխարհն առաջին անգամ տեղեկացավ նախապատրաստվող մանրէաբանական պատերազմի մասին, որը 1945 թվականի օգոստոսին Հեռավորարևելյան արշավի ժամանակ կանխվել էր Կարմիր բանակի հարձակման շնորհիվ։ Խաբարովսկի գործընթացը Համաշխարհային երկրորդ պատերազմի իրավաբանական վերջակետը դրեց։
«Խաբարովսկյան գործընթաց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ» միջազգային համաժողովը նվիրված է նաև 1946-1948 թվականներին անցկացված Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալի (Տոկիոյի տրիբունալ) 75-ամյակին։ Համաժողովն անցկացվում է Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ։ ՌԻԱ Նովոստին համաժողովի կազմակերպիչներից մեկն է։