ՌԱԴԻՈ

Պետպատվերի հարցում բուժհաստատություններն ավելի զգույշ կլինեն. փորձագետը` ԱՆ հրահանգի մասին

Առողջապահության ոլորտի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է անցնել առողջապահական ապահովագրական համակարգի։
Sputnik
Բուժհաստատություններում պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրում առաջացած խնդրի հիմքում չպլանավորված ու չհամակարգված աշխատանքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մինչև 2022 թվականը պետպատվերով բուժումները սառեցվել են։
«Դա միակ բյուջետային ծրագիրն է, որտեղ նախորդ տարիներին կատարվեցին լուրջ փոփոխություններ, եթե հիշում եք` խոսում էին շահառուների, մատուցվող ծառայությունների ընդլայնման մասին։ Բայց քանի որ երկարաժամկետ պլանավորումն այնքան էլ լավ չէր արվել` բախվեցինք այս խնդրին»,- ասաց նա։
Ըստ փարձագետի` բուժհիմնարկները նախորդ տարիներին պայմանագրով սահմանված չափից ավելի այցելուներ են ընդունել և դրա  դիմաց նախարարությունից լրացուցիչ ֆինանսավորում ստացել։ Նաև դրա հետևանքով է նախարարությունը որոշել այլևս լրացուցիչ ֆինանսական միջոցներ չհատկացնել։
Որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են. ԱՆ–ից հայտնել են պատճառը
«Նախարարությունն ասում է` ձեզ էլ փող չեմ տալու, պետպատվերները նախատեսված չափով արեք, իսկ եթե, օրինակ, սեպտեմբերի համար համամասնությունները սպառված են, հերթագրեք հոկտեմբերին կամ հաջորդ ամիսներին»,- պարզաբանեց Մելիք-Նուբարյանը։
Նրա խոսքով` նմանատիպ խնդիր բոլոր կառավարությունների օրոք էլ եղել է։ Բոլոր դեպքերում ամենաշատը տուժել և տուժում են շահառուները։ Նույնիսկ նրանք, ովքեր պիտի պլանային հետազոտություններ անցնեն։
«Հայաստանում այդ սխեման է աշխատում։ Պետք է համակարգը փոխել, անցնել ապահովագրական համակարգի, երբ ապահովագական ընկերություններն արդեն ի զորու կլինեն ծառայությունների որակը հսկել»,- նշեց փորձագետը։
Չարորակ նորագոյացությունների պետպատվերով վիրահատություններն ավելացել են 4.5 անգամ
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որի մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԲԿ-ներին: