Ալիևի ամեն ելույթից կամ ուղերձից հետո վիճակն ավելի է լարվում․ Թաթոյանը փաստեր ունի

ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով և ուղերձներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Facebook-ում հրաարակված գրառման մեջ նշվում է, որ ՄԻՊ–ը հայերեն ու անգլերեն տարբերակներով դրանք ուղարկել է ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանությանն ու իրավապահ մարմիններին, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով:
Ալիևն ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը. նամակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և նյութերի մշտադիտարկումը ադրբեջաներենով վկայում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով և ուղերձներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, տալիս է սպառնալիքներ, անում վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Ընդ որում, նրա ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի:
«Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն իրականացրել են հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ քաղաքականության ուղիղ հետևանքներն են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մշտադիտարկումը վկայում է` ամեն նման ելույթից կամ ուղերձից հետո տեղի են ունենում կրակոցներ ՀՀ սահմանային գյուղերի, ինչպես նաև այդ գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի վրա, վիճակն ավելի է լարվում:
ՄԻՊ–ը թարգմանել է Ալիևի ելույթները և ուղարկել ԱԺ պատգմավորներին
Տեղի են ունենում փոխհրաձգություններ, գրանցվում են զինվորականների սպանությա ու վիրավորանքի դեպքեր: Այսինքն՝ առկա է հստակ պատճառական կապ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես իրականացնում է ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով:
Նյութերն ուսումնասիրվում են առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Այս ամենն իրականացվում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով:
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշի քաղաքում և անդրադառնալով 44-օրյա պատերազմին, մի շարք հայատյաց և ատելություն պարունակող հայտարարություններ էր արել: Մասնավորապես ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացություն գոյություն չունի»: Նաև խոսել էր այն մասին, որ մինչև պատերազմը ԼՂՀ իշխանությունները պատրաստվում էին ԼՂՀ Ազգային ժողովի նոր շենք կառուցել Շուշիում: Բաքվի բռնապետն այդ շինությունը անվանել է «սատանայի որջ»՝ ասելով, թե իր հրամանով այն ամբողջությամբ ավերվել է:
Ալիևի կարծիքով՝ «իրադարձությունների ներկայիս ընթացքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, «պատմական արդարությունը», իրավունք են տվել Ադրբեջանին հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե այն չլուծվի խաղաղ ճանապարհով:
ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը