ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. 2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները:
Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով»,-հայտնել են ԿԳՄՍՆ-ից:
Նշվում է, որ ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին ԶԼՄ–ներում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, լսվում էր ռաբիս երաժշտություն։ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, թե ռաբիսը ոչ թե տաճարի տարածքից, այլ հարակից օբյեկտից է լսվում, իսկ իրենք էլ միջոցառման մասին տեղեկացրել են լիազոր մարմնին և թույլտվություն ստացել։
Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Հայաստանի տուրիզմի կոմիտեն։ Նշվում էր, որ Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Գառնիի համայնքապետարանն էլ տեղեկացրել էր, որ տեղյակ է եղել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին և դեմ է արտահայտվել։