ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության տվյալների բազայում արդեն մոտ 40 հազար ակտիվ օգտատեր է գրանցվել։ Այս մասին Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Մինսկ–Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:
Նրա ենթակայության տակ գտնվող գերատեսչության ստեղծած համակարգում մարդիկ կարող են գրանցել ինքնակենսագրականները, իսկ գործատուները` անհրաժեշտ կադրերը փնտրել։ Հետագայում նախատեսվում է այդ հարթակում էլեկտրոնային պայմանագրեր կնքելու հնարավորություն ստեղծել։
Համակարգում արդեն մոտ 4 մլն ինքնակենսագրական է հավաքվել, իսկ առաջին մի քանի շաբաթվա ընթացքում համակարգին դիմել է շուրջ 80 հազար մարդ։
«Դեռ տվյալներ չունենք, թե որքան մարդ է իրականում աշխատանքի ընդունվել, սակայն տարեվերջին, այդ համակարգի ներդրմամբ, մենք ուզում ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 10 հազար։ Դա հնարավոր է, քանի որ դիմողների թիվը ամեն շաբաթ աճում է», – հավելեց Վարդանյանը։
Աշխատանքի ընդհանուր շուկայում խոչընդոտներ գրեթե չկան, քանի որ ԵԱՏՄ երկրները ճանաչում են միմյանց դիպլոմները, և աշխատողի որակավորումն ապացուցելու համար լրացուցիչ ընթացակարգերի անհրաժեշտություն չկա։