ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր։
Շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը:
Խաղաղության և կայունության պահպանման գործում Հարությունյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: