ՌԱԴԻՈ

Ադրբեջանի նպատակն Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն է. Պողոսյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Sputnik
Եթե Ադրբեջանը մինչև 2020 թվականի պատերազմը առաջնորդվում էր «Արցախը Ադրբեջան է և վերջ» քաղաքականությամբ, ապա այժմ պատերազմում հաղթելուց և Արցախի 75 տոկոսը օկուպացնելուց հետո որևէ հիմք չունի դրանից հրաժարվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իսրայելագետ Բենիամին Պողոսյանը։
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը
«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, որ Արցախը դա Ադրբեջան է, իսկ այն տարածքները, որտեղ հիմա ռուս խաղաղապահներն են տեղակայված, իրենք դիտարկում են Ադրբեջանի տարածք, որտեղ 2020 թ-ին նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ռուսական խաղաղապահներ են տեղակայվել»,- ասաց նա։
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը չառարկի նրանց ներկայությանը։ 
Հայտարարության այդ կետը բավականին անորոշ է, քանի որ ոչինչ չկա այն մասին, թե ինչ է լինելու կողմերից մեկի առարկության դեպքում։
Պողոսյանի խոսքով`հազիվ թե Ռուսաստանն ուզենա 2025 թվականի նոյեմբերին զորքը դուրս բերել Արցախից, մինչդեռ Ադրբեջանի նպատակը նրանց հեռացումն է, ու, քանի որ Ադրբեջանում էլ են հասկանում, որ խաղաղապահները 2025-ին դուրս չեն գա Արցախից, չի բացառվում, որ կողմերը բանակցություններ սկսեն ռուս խաղաղապահների` Արցախում մնալու վերաբերյալ։ 
«Առանց նրանց չէինք կարողանա գոյատևել». խաղաղապահները խմելու ջուր են հասցրել արցախցիներին
Իսկ բանակցություններից առաջ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր մեթոդներով փորձում է սեփական դիրքերն ամրապնդել։ 
«Թե Հաջիևի հայտարարությունը, թե Ալիևի` ռուս խաղաղապահների հասցեին հնչեցրած ուղղակի և անուղղակի հայտարարությունները այդ մասին են վկայում»,- նշեց Պողոսյանը։
Պողոսյանի կարծիքով` չի բացառվում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում կնքվի մի նոր համաձայնագիր, որն արդեն իրավական ուժ կունենա։
Ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են իրականացրել ԱԹՍ-ի հավանական հարձակման դեպքի համար
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված իրավական մեխանիզմների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։