ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Թալիբանն» ակնկալում է Գերմանիայի հետ ամուր հարաբերություններ հաստատել պաշտոնական մակարդակով։ Նման հայտարարություն է արել թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը:
«Մենք ցանկանում ենք ամուր և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ», - հայտարարել է Մուջահիդը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ անցած դարում գերմանացիներն «Աֆղանստանում շատ լավ բաների են նպաստել»։
«Ցավոք, հետո նրանք միացան ամերիկացիներին (միջազգային ռազմական կոնտինգենտի կազմում,-խմբ.)։ Բայց հիմա դա ներված է», - հավելել է նա։
Ինչպես գրում է թերթը, թալիբները ակնկալում են ֆինանսական, հումանիտար օգնություն, աջակցություն առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ մի շարք պայմանների դեպքում երկիրը կարող է վերսկսել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը, որը փակվել էր՝ թալիբների իշխանության գալով:
Նման պայմանների թվում նախարարը նշել է, մասնավորապես, Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը:
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։
Սակայն այսօր` սեպտեմբերի 5–ին, Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը: