ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Շուշանյանը հայտնել է Facebook - ի իր էջում՝ տեղեկացնելով, որ սեփական դիմումի համաձայն դադարեցնում է ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի պարտականությունները։
Լիլիա Շուշանյանը նաև ներկայացրել է վերջին 2 տարիներին իր կատարած աշխատանքի արդյունքները։ Նրա խոսքով՝ գործել են մարդկային և ֆինանսական ռեսուրսների խիստ սղության պայմաններում՝ ունենալով ամբողջ պետական համակարգում միայն 2 տասնյակ անձնակազմ և պետբյուջեից 0-ական հատկացում։ Այնուամենայնիվ, կարողացել են բացի մեծաթիվ ընթացիկ գործերից (առկա իրավունքների մոնիթորինգ, նոր դիմումների փորձաքննություններ, պաշարների փորձաքննություն, պետական շահերի պաշտպանությանն ուղղված աննախադեպ թվով դատական գործեր, զգուշացումներ, պաշարների բալանսի վարում և այլն) իրականացնել լրացուցիչ նախաձեռնություններ, որոնց գերակշիռ մասը պլանավորված չի եղել ծրագրով կամ կատարողականներով։
Շուշանյանը պնդում է, որ առաջնորդվել են օրենքի առջև բոլորի հավասարության կիրառման սկզբունքով, ինչի արդյունքում, ըստ նրա, ձեռք են բերել ամենակարևոր արդյունքը՝ «բոլորը զգացել, գիտակցել եվ իրենց գործողություններում աստիճանաբար հաշվի են նստել ոլորտում պետական մարմնի առկայության եվ բացառապես պետական շահի առաջնահերթության հետ»։
Շուշանյանն անդրադարձել է նաև համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ ոլորտում պատերազմի հետևանքով մեծագույն կորուստը եղավ Սոթքի հանքավայրի իրավիճակը։
Նշենք, որ Լիլիա Շուշանյանը ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2019 թվականի հունիսի 4-ին։
Նա իր հրաժարականի պատճառների մասին չի նշել։
Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ