ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մասին։ Guinee News–ի տվյալներով՝ ապստամբները ձերբակալել են նախագահ Ալֆա Կոնդեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կրակոցներ են հնչել Գվինեայի մայրաքաղաք Կոնրակիում գտվող նախագահական նստավայրի մոտակայքում։
Jeune Afrique պարբերականի տվյալներով՝ հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները, որոնք նաև բախում են ունեցել նախագահ Ալֆա Կոնդեի թիկնազորի հետ:
Ըստ տեղեկությունների՝ խումբը ղեկավարում է գնդապետ Մամադի Դումբույան, որը նախկինում ծառայել է Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնում։ Լուրերն առայժմ պաշտոնապես չեն հաստատվում։
Կան տվյալներ այն մասին, որ մայրաքաղաք տանող ճանապարհները փակ են։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են ճանապարհներին տեղադրված անցակետերը։