Մարդիկ կլքեն սահմանամերձ գյուղերը. Գեղամասարի ղեկավարը` իշխանության նախաձեռնության մասին

Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Գեղամասարի խոշորացմամբ իշխանությունը երկու խնդիր է լուծում` իրենից  ազատվելու և  սահմանամերձ բնակավայրերը հայաթափելու։
Sputnik
Կառավարությունը մտադիր է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը միավորել Վարդենիս համայնքի հետ, իսկ դա հղի է բազմաթիվ վտանգներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Համայնքը բաղկացած է 18 գյուղից։ Նույնիսկ մի ժամանակ ասում էին, որ համայնքը շատ մեծ է, իսկ հիմա համայնքն արդեն փոքր է և ավելի են խոշորացնում»,- ասաց նա։
Ավետյանի կարծիքով` որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։ Ամեն ինչ սկսվել է դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ինքը որոշեց հանդես գալ ընդդիմադիր ճամբարում։ Համայնքի ղեկավարի որոշումը իշխանականները չեն ներել։ Ավելին, նախկին մարզպետը պահանջել է, որ Ավետյանը հրաժարական տա։
Սյունիքի ճակատագրի՞ն են արժանացել. ինչո՞ւ է իշխանությունը շտապում Գեղամասարի հարցում
«Գնել Սանոսյանը պահանջեց, որ հրաժարական տամ, բայց ես շատ կարճ, կոնկրետ ու չոր մերժել եմ այդ առաջարկը, չեմ ընդունել, հիմա իրենք մտածում են ինձանից ազատվելու մյուս տարբերակը` ավելի կոպիտ, ինչը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ»,- նշեց Ավետյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով` իր պաշտոնավարման տարիներին մի շարք խնդիրներ են լուծվել։ Բոլոր բնակավայրերն ապահովվել են խմելու ջրով, հաջողվել է լուծել կոմունիկացիոն այլ խնդիրներ ևս, սակայն Գեղամասարում չլուծված բազմաթիվ խնդիրներ էլ կան, որոնց գումարվել է նաև անվտանգության հարցը։
Ադրբեջանցիները օդ են կրակում. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին
«Նոր խոշորացումից հետո այս համայնքներն ու գյուղերն անտեսվելու են, ու առանց այն էլ այս տուժած ժողովուրդը եթե զգացին, որ ուշադրությունից դուրս են մնալու, կլքեն բնակավայրերը։ Իսկ եթե սահմանապահ գյուղերի բնակիչները լքեն տարածքները, դրանք արդեն ի՞նչ են դառնում...»,- նշեց Ավետյանը։
Նշենք, որ Հակոբ Ավետյանը Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի նոյեմբերին։
Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է  2022 թվականի նոյեմբերի 5-ին։
Թշնամին ինժեներական աշխատանքներ է անում, սրա դեմը պետք է շուտ առնել. Գեղամասարի ղեկավար