ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ թալիբները գրավել են նահանգի խոշորագույն Փարյան շրջանը: Նրա խոսքով ՝ թալիբների վերահսկողության տակ են անցել չորս շրջաններ՝ Շատալ, Աննաբա, Պարյան և Հինջ: Նա հավելել էր, որ թալիբները շարժվում են դեպի նահանգի կենտրոն։ Միևնույն ժամանակ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, այսպես կոչված, «Դիմադրության ճակատում» հերքել է Պարյանը գրավելու մասին տեղեկատվությունը:
«Փանջշեր նահանգի Պարյան շրջանը լիովին մաքրվել է թալիբներից։ Առնվազն հազար ահաբեկիչներ շրջափակման մեջ են հայտնվել։ Բոլոր գրոհայինները ոչնչացվել, շրջափակվել կամ գերեվարվել են դիմադրության մարտիկների կողմից փախուստի և նահանջի ընթացքում: Գերիների մեծ մասը օտարերկրացիներ են, հիմնականում ՝ պակիստանցիներ»,- Twitter-ի իր էջում գրել է Դաշտին։
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։
Սեպտեմբերի 3-ին թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ Փանջշերն անցել է «Թալիբանի» վերահսկողության տակ։
Քաբուլում ոստիկանության կենտրոնակայանում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը տեղեկացրել էր, որ Փանջշերում դիմադրության բոլոր մարտիկները գերեվարվել են թալիբների կողմից, իսկ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհը և դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը փախուստի են դիմել:
Սակայն ավելի ուշ Սալեհը հերքել էր նահանգը գրավելու մասին թալիբների հայտարարությունը՝ նշելով, որ դիմադրությունը շարունակվում է, իսկ ինքը չի լքել երկիրը, այլ մնում է Փանջշերում: