Երևանում երիտասարդը սպանել է մորեղբորը. նրան ձերբակալել են

ՀՀ քննչական կոմիտեում սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել այսօր Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով։
Գանձագողություն` Կոտայքի Զորավոր եկեղեցու տարածքում
Նրանք նաև տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին  (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։