ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հաջողության հասնելու համար Հայաստանի հավաքականը պետք է եռապատկի իր թիմային խաղը։ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Մենք շարունակում ենք աշխատել թիմի փիլիսոփայության վրա ու պետք է հավատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պետք է եռապատկենք, որպեսզի հասնենք հաջողության: Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է թիմային խաղ խաղանք»,-ասել է Կապառոսը:
Խոսելով խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիվացնելու մասին` մարզիչն ասել է, որ հզոր թիմի դեմ խաղալու համար լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա։ Ըստ նրա` մոտիվացիան պետք է լինի ժողովրդի ու ազգի համար խաղալը, նաև այն, որ թիմը շատ հետաքրքիր ու բարդ մարտահրավերի առջև է։
«Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»,– ասել է Կապառոսը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Խոակին Կապառոսի սաները 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում կխաղան Գերմանիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը J խմբում այս պահին առաջատարն է ՝ 4 տուրից հետո վաստակելով 10 միավոր: Հայ ֆուտբոլիստները որակավորման փուլի սկզբում տարել են երեք հաղթանակ ՝ հաղթելով Լիխտենշտեյնին (1: 0), Իսլանդիային (2: 0) և Ռումինիային (3: 2) հաշվով և ոչ -ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0: 0):