ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արարատի Փոքր Վեդի և Լուսաբաց գյուղերի բնակիչներն այսօր կեսօրին մոտ փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը։
Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց բողոքի ակցիայի մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը` միաժամանակ հայտնելով նաև գյուղացիների դժգոհության պատճառը։
Նրա խոսքով` խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից ու, ճանապարհ փակելով, իրենց բողոքն են փորձում հասցնել պատկան կառույցներին։
Գյուղապետի խոսքով` մթերող կազմակերպությունն այսօր խաղողի 1 կգ–ը գյուղացուց ընդունում է 110 դրամով, ինչն արդեն իսկ, գյուղացիների մեկնաբանմամբ, ցածր է։ Բացի այդ գյուղացին տարիների փորձով գիտի` նախապես մի գին է հայտարարվում, սեզոնի ընթացքում մթերվում է մեկ այլ գնով։
«Ասում են` հիմա, որ 110 է, մի ամիս–20 օր հետո, որ սկսեցիք զանգվածաբար ընդունել, կդառնա արդեն 80-90 դրամ։ Միայն 100 դրամ այդ խաղողի վրա գյուղացու ծախսն է նստում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Նորիկ Մարտիրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ակցիան այս պահին արդեն դադարեցված է։ Բողոքող բնակիչների հանդիպել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն իր աշխատակիցների հետ։
«Տեղում կապ են հաստատել մարզպետի հետ։ Մարզպետն ասել է` մինչև չորեքշաբթի այդ հարցին լուծում կտրվի»,– պատմեց գյուղապետը։ Այս խոստումից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։
Նշենք, որ սա արդեն վերջին օրերի ընթացքում խաղաղագործների երկրորդ ակցիան է Արարատի մարզում, 4 օր առաջ նույն պահանջով ավտոճանապարհը փակել էին նաև Տափերական համայնքի բնակիչները։
Բողոքի ակցիային մասնակցած գյուղացիներն էլ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ խնդիրը ոչ միայն գրեթե ինքնարժեքին հավասար գինն է, այլև այն, որ գինու–կոնյակի գործարաններն ընդհանրապես հրաժարվում են իրենցից խաղող մթերել։
«Ուր գնում ենք, ասում են` տեղ չունենք տեղավորելու։ Որ գործարան գնում ենք, մեզ հետ են ուղարկում»,– ասաց գյուղացիներից մեկը։
Մեկ այլ խաղողագործ էլ նշեց, որ գործարանները գտել են ավելի էժան արտադրության տարբերակը։ «Էժան սպիրտն առնում են տոննաներով, արհեստական գույն ու համ են ավելացնում, դարձնում կոնյակ։ Էլ ինչի՞ պիտի մեզանից խաղող առնեն, արտադրության վրա էլ փող ծախսեն»,– ասաց գյուղացին։
Հիշեցնենք` 2 օր առաջ` կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի։
«Այն պլանները, որոնք ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, և կանխատեսվում է մթերել 180 000 տոննայի չափ խաղող»,– ասել էր նաարարը։
Նա նաև վստահություն էր հայտնել, որ ամբողջ բերքը կմթերվի, մեծ մասը կարտահանվի, գյուղացիներն էլ ճանապարհներ չեն փակի։