Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա
Շատերը գուցե առաջին անգամ են լսում այս արվեստի մասին, սակայն, պարզվում է` Հայաստանում դդմագործ ունենք։ Հերիքնազ Խաչիկյանն ավելի քան 10 տարի է, ինչ դդմարվեստով է զբաղվում և կուռմադդումները կամ շշադդումները վերածում տարբեր իրերի։
Աղջկա վրա մեծ ազդեցություն է ունեցել տատի պատմածը, որի հետքերով էլ գնացել և գտել է անհրաժեշտ դդումները։
Поделки из тыкв дизайнера Эрикназ Хачикян
© Photo : provided by Heriqnaz Khachikyan
«Տատիկս մի օր պատմեց, որ երբ Արևմտյան Հայաստանից` Բագարան գյուղից տեղափոխվել են Երվանդաշատ, կիրառելի շատ իրեր չեն ունեցել։ Իսկ դդումները շատ հարմար են եղել, որպեսզի դրանց մեջ ընդեղեն պահեն։ Բացի այդ, թուրքերից թաքցնելու համար են հենց դրանց մեջ, ասենք, ցորեն են լցրել. թշնամու մտքով անգամ չէր անցնի, որ դդումի մեջ կարող է այլ բան պահված լինել»,-պատմում է Հերիքնազը։
Դրանից հետո գյուղերից մեկում Հերիքնազը պատահաբար տեսում է կանաչ և գեղեցիկ ֆորմայով դդումներ, որոնց շատերը չէին էլ նկատել։ Նա փորձում է աճեցնել դրանցից, սակայն խոստովանում է` առաջին փորձերն այնքան էլ հաջող չեն եղել։ Այդ տարիներին ինտերնետը շատերին հասանելի չէր, և Հերիքնազն իր սեփական փորձով` 4-5 տարիների ընթացքում է դդումներն աճեցնելու գաղտնիքները բացահայտել։ Իսկ հետագայում իմացել է, որ դդմարվեստն աշխարհում տարածված է` հատկապես Չինաստանում և ԱՄՆ-ում, ավելին, դեռ 2000 տարի առաջ Հայաստանում է այն կիրառվելի եղել։
Поделки из тыкв дизайнера Эрикназ Хачикян
© Sputnik / Asatur Yesayants
Հերիքնազի ընտանիքը սկզբում այնքան էլ չի ողջունել նրա հետաքրքրությունները, քանի որ մայրն ու քույրը բժիշկ են, իսկ հայրը` զինվորական, և թաքուն հույս են ունեցել, որ Հերիքնազն էլ է բժշկի մասնագիտությունն է ընտրելու։
«Անկեղծ ասած, փոքրուց երազում էի հայրիկիս ֆորմայից հագնել` մինչև դդմիկներին գտա։ Մյուս կողմից, բնության հանդեպ էլ շատ սեր ունեի և երբ պետք է մասնագիտություն ընտրեի, երկու քարի արանքում էի։ Սակայն հայրս չթողեց իր մասնագիտությամբ շարունակեմ կրթությունս, և մանկավարժական համալսարանի կիրառական արվեստների բաժինն ընդունվեցի։ Միաժամանակ, սկսեցի ինտենսիվորեն դդումներ աճեցնել»,–պատմում է Հերիքնազը։
Дизайнер Эрикназ Хачикян с одной из своих работ из тыквы
© Sputnik / Asatur Yesayants
Պարզվում է` դդումն աճեցնելն այնքան էլ հեշտ չէ. դրանք պետք է ցանել վաղ գարնանը և մինչև խոր աշուն մշակել, տերևները շոյել, խոսել դրանց հետը։ Ավելին, Անահիտը հասկացել է, որ գյուղական միջավայրում` ոչ աղմկոտ վայրերում, դրանք ավելի առողջ բերք են տալիս, քան քաղաքում։ Իսկ երբ դասական երաժշտություն ես միացնում նրանց համար, ապա իդեալական բերքն ապահովված է։ Սակայն եթե մատների արանքով նայես դդումների աճեցման այս գործընթացին, շատ հնարավոր է, որ սերմը ծլի, ծաղիկ տա, իսկ բերք այդպես էլ չունենաս։
Поделки из тыкв дизайнера Эрикназ Хачикян
© Photo : provided by Heriqnaz Khachikyan
Բերքը ստանալուց հետո Հերիքնազը դդումները կախում է տանիքում և սպասում ոչ ավել, ոչ պակաս, քան 2-3 տարի, որպեսզի դրանք լիարժեք չորանան. այդ ընթացքում դդումների գույնը փոխվում է` կանաչից վերածվում են դեղինի։ Դրանից հետո մաքրում է դդումների ներսը, հղկաթղթում, մշակում, ներկում ու ինչ-որ առարկայի տեսք տալիս դրանց։ Հերիքնազը հիշում է` առաջին անգամ գրչատուփ էր պատրաստել դդումից։
Дизайнер Эрикназ Хачикян со своими работами из тыкв
© Sputnik / Asatur Yesayants
«Դդումներից պատրաստվում եմ մրգամաններ, ծաղկամաններ, գրչատուփեր, վզնոցներ, սպասք, լուսամփոփներ... Փոքրիկ Նժդեհիս (Հերիքնազի որդին) ծնունդից հետո արդեն մի քանի ամիս է`սկսել եմ մանկական խաղալիքներ պատրաստել։ Կարծում եմ` երեխաներն ինչքան շատ շփվեն բնական նյութերի հետ, այնքան ավելի լավ»,–ասում է Հերիքնազը։ Նա արդեն իսկ «Կուռմա» անունով իր ապրանքանիշն ունի և վաճառում է դդումից ստեղծած իրերը։
Поделки из тыкв дизайнера Эрикназ Хачикян
© Photo : provided by Heriqnaz Khachikyan
Պարզվում է`հնում կուռմադդումները հունվարի 5-ին` Քրիստոսի ծննդյան նախօրեին, մեջը փորել են, ներսում ճրագ դրել և տանիքներից կախել։ Դա բարի լուրն ավետող խորհուրդ է ունեցել. փոքրիկները պտտվել են գյուղերում, և ում տանիքից կախված են եղել այդ դդումներից, ներս են մտել, երգել և քաղցրավենիք նվեր ստացել։
Поделки из тыкв дизайнера Эрикназ Хачикян
© Photo : provided by Heriqnaz Khachikyan
Հերիքնազը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում պատմել է այդ ավանդույթի մասին, վարպետաց դաս արել և հիմա այնտեղ վերականգնվել է այդ գեղեցիկ ավանդույթը։