ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Գերմանիայի հավաքականի դեմ խաղադաշտ դուրս գալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի իր հոբելյանական` 90-րդ, իսկ Տիգրան Բարսեղյանը` 40-րդ հանդիպումը։ Այս տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ»,–ասվում է Մխիթարյանի և Բարսեղյանի լուսանկարին կից նկարագրության մեջ։
Այս 2 ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ հավաքական հրավիրվածների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են։
ՀՖՖ նաև հարցում է փորձում իրականացնել ֆուտբոլասերների շրջանում` ճշտելու համար. թե ի՞նչ են նրանք սպասում մեր 2 առաջատարներից վաղվա խաղում։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Խոակին Կապառոսի սաները Շտուտգարդում կխաղան Գերմանիայի թիմի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի հինգերորդ տուրում:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը J խմբի առաջատարն է՝ չորս տուրից հետո վաստակելով 10 միավոր: Հայ ֆուտբոլիստները երեք հաղթանակ են տարել ընտրական փուլի մեկնարկին ՝ հաղթելով Լիխտենշտեյնին (1: 0), Իսլանդիային (2:0) և Ռումինիային (3:2) հաշվով և ոչ ոքի են խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0:0):