ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առանձնահատուկ է համարում Գերմանիայի թիմի հետ առաջիկա հանդիպումը: Այս մասին նա ասել է Շտուտգարտում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե Նոյերը լինի դարպասապահը միանշանակ ես կցանկանամ գոլ խփել նրա դարպասին։ Ինձ համար այս խաղը հատուկ է, քանի որ քսան տարի ապրում եմ Գերմանիայում և ես միշտ ցանկացել եմ խաղալ Գերմանիայի դեմ Հայաստանի հավաքականի կազմում», - ասել է Ադամյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Խոակին Կապառոսի սաները 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում կխաղան Գերմանիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը J խմբում այս պահին առաջատարն է ՝ 4 տուրից հետո վաստակելով 10 միավոր: Հայ ֆուտբոլիստները որակավորման փուլի սկզբում տարել են երեք հաղթանակ ՝ հաղթելով Լիխտենշտեյնին (1: 0), Իսլանդիային (2: 0) և Ռումինիային (3: 2) հաշվով և ոչ -ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0: 0):