Ֆրանսիան ՀՀ-ի կողքին է խաղաղության հասնելու համար. Լը Դրիանը շնորհավորել է Միրզոյանին

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի –Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կանխավ գոհունակություն է հայտնել հայ գործընկերոջը սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:
Օր առաջ սկսել ԼՂ հարցով բովանդակային բանակցությունները. Բլինքենը`Արարատ Միրզոյանին
«Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը»,–ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Նա վերահաստատել է, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
«Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար»,–ասված է Դրիանի շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։