ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի –Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար»,–ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում են հանձնառությունը ՀՀ–ի հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ «Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը»,–ասել է նա։
Բլինքենը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ՀՀ կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։
«Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,–ասել է Բլինքենը:
Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։