Զորակոչիկի հիվանդությունները պետք է գնահատվեն առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկներ է ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողով և պաշտպանության նախարարություն, որպեսզի զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ օրենքի պատճառով զորակոչիկի մի քանի հիվանդությունները բժշկական հանձնաժողովը դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն առողջության վրա: Արդյունքում զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:
«Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»»,–ասել է Թաթոյանը։
Նա շեշտել է, որ հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է` զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։
Հայտնի է` երբ է լրանում զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
«Կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ»,–հայտնել է Թաթոյանը:
Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով 5 և ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող և նրանց տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` բուժման նպատակով:
Հաստիքների կրճատումը` անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց. ՄԻՊ–ն ահազանգում է
Մինչդեռ որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:
«Անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար»,–ընդգծել է նա:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողովի հանձնաժողովներ (այդ թվում՝ ոլորտային) և խմբակցություններ, ինչպես նաև պաշտպանության և արդարադատության նախարարություններ:
«Ֆիզգորոդոկի» հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին