Սևանա լճում սիգի արդյունագործական որսի վերահսկողությունը շատ դեպքերում պատշաճ չի իրականացվում, իսկ այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք ներկայացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կարող են և չարտացոլել իրական պատկերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։
«Մենք չգիտենք, թե ինչ ծավալների որս է իրականացվել։ Մենք չունենք փաստեր, չունենք ձկնորսության ծավալների մասին ոչ մի նորմալ հաշվարկ։ Այդ հաշվարկներն արվում են զուտ փաստաթղթավորված, իսկ այն, ինչ գրված է թղթի վրա և այն, ինչ տեղի է ունենում իրականում, տարբեր իրողություններ են»,- ասաց նա։
Մինչև արդյունագործական ձկնորսության թույլատրելի ծավալն ավելացնելու և որսի ժամկետի երկարաձգման որոշումը Շրջակա միջավայրի նախարարությունը պարտավոր էր վերահսկողություն իրականացնել և երաշխիքներ ներկայացնել այդ վերահսկողության համար անհրաժեշտ մեխանիզմներ ու ռեսուրսներ ունենալու մասին:
«Պարզ չէ՞, որ ձկնորսները հայտի մեջ որ ինչ-որ քանակ են նշել, մյուս քանակն անօրինական են որսացել։ Հիմա էլ երևի պահանջել են ծավալներն ավելացնել, նախարարությունն էլ բավարարել է այդ պահանջը»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով` ներկայումս շուկայում մեկ սիգը վաճառվում է 100-200 դրամով, ինչը վկայում է սիգի նկատմամբ պահանջարկի բացակայության մասին։ Բնապահպանի կարծիքով` նման իրավիճակում կառավարությունը պետք է սեպտեմբերի մեկից դադարեցներ որսը։
Նրա խոսքով` ներկայումս շուկայում մեկ սիգը վաճառվում է 100-200 դրամով, ինչը վկայում է սիգի նկատմամբ պահանջարկի բացակայության մասին։ Բնապահպանի կարծիքով` նման իրավիճակում կառավարությունը պետք է սեպտեմբերի մեկից դադարեցներ որսը։
«Հիմա պետք է փակեին, երբ նորից պահանջարկ լիներ պարտավոր էին նոր հաշվարկ անել, տեսնեին օրինական և անօրինական ինչքան պաշար ունենք, նոր որոշում ընդունեին, իսկ հիմա մինչև հոկտեմբեր այնքան կհանեն մինչև այդ պաշարները սպառվեն։ Դա՞ ենք ուզում»,- հավելեց Զառաֆյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին ՀՀ կառավարությունը` շրջակա միջավայրի նախարարության առաջարկով սիգի արդյունագործական որսի ժամկետը երկարաձգեց մինչև հոկտեմբերի 15-ը։ Թույլատրելի որսի չափաքանակը կավելանա ևս 50 տոննայով։
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որսի սեզոնի երկարացման ու չափաքանակի ավելացման հարցը քննարկվել է Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ։