Օտարների համար աշխատանքի «ընտիր տեղ» Հայաստանը և խոպան գնացող հայերը. ո՞րն է հանելուկը

Մինչ տեղացիները բողոքում են գործ չգտնելուց, դրսից եկածները մեծ հոժարությամբ են աշխատանքի տեղավորվում այստեղ։ Հայաստանում 90 000-ից ավելի մարդ աշխատանք է փնտրում, սակայն գործատուներն աշխատող չեն կարողանում գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան գնացող գրեթե յուրաքանչյուր չվերթի մեջ արտագնա աշխատանքի մեկնող կարող ես գտնել։ Չնայած դրան, շատ աշխատատեղեր այս պահին թափուր են, իսկ մի շարք ոլորտներում օտարերկրացիների են աշխատանքի վերցնում, որոնք դժվարությամբ են հաղթահարում լեզվական խնդիրը։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ի՞նչն է օտարերկրացիներին բերում Հայաստան, և ինչո՞ւ են տեղացիները հայրենիքում աշխատելու փոխարեն նախընտրում արտագնա աշխատանքի մեկնել։

Ի՞նչ են փնտրում օտարերկրացիները Հայաստանում

26-ամյա Շաքիվն ու 24-ամյա Գուրպրիդսինգը Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք արդեն 3 տարի է, ինչ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ագրոհոլդինգ» ընկերությունում են աշխատում։ Նրանք մեքենայացված կթի օպերատորներ են։ Տղաներին ընկերության տարածքում կեցավայր են տրամադրել, հոգում են կոմունալ ծախսերը`  Շաքիվին ու Գուրպրիդսինգին (Հայաստանում նրանց Շաքե և Կակա են անվանում) մնում է միայն աշխատելը։
«Ընկերներիցս մեկը Հայաստան էր եկել աշխատելու, և երբ խոսում էի նրա հետ, շատ գոհ էր աշխատանքային պայմաններից։ Ինձ համոզեց, և 4 տարի առաջ ես էլ Հայաստան եկա. հիմա հետ վերադառնալու մասին չեմ մտածում, քանի որ կայուն աշխատանք ունեմ։ Հնդկաստանում դժվար է կայուն աշխատանք գտնելը, իսկ Հայաստանն ընտիր տեղ է»,–հայերենով ասում է Շաքիվը, որն էլ ընկերոջը` Կակային է համոզել և Հայաստան բերել։
24-летний Кака и 26-летний Шаке на ферме компании "Агрохолдинг"
26-ամյա Շաքիվն ու 24-ամյա Գուրպրիդսինգը
Երկուսն էլ ավագ դպրոցն են ավարտել Հնդկաստանում, որևէ մասնագիտություն չունեն, իսկ անասնապահության մեջ այստեղ են մասնագիտացել։ Տղաներն ասում են` Հնդկաստանում նման աշխատանք չէին կարող գտնել. Կական  նշում է` աշխատանքային պայմանները ՀՀ–ում այնքան ձեռնտու են, որ ոչ միայն կարողանում են գումար խնայել ու գնալ Հայաստանի գեղատեսիլ վայրերով պտտվել, այլ նաև տան անդամներին են հասցնում որոշակի գումար փոխանցել։ Նրա խոսքով` տան վարձ չեն վճարում, կոմունալ վարձեր չկան, մնում է միայն սնունդի հարցը, ինչն էլ ընկերներով միասին են հոգում։ Ի դեպ, նրանք ամսական 120 000 դրամ աշխատավարձ են ստանում։
26-летний Шаке из Индии на ферме компании "Агрохолдинг"
հնդիկ Շաքիվը Հայաստանում
Հնդիկ երիտասարդները երկուսն էլ ուզում են հայկական անձնագիր ստանալ, որպեսզի այստեղ ապրեն. նշում են` աշխատանքն ունեն, ապրելու տեղը կա, մնում է Հնդկաստանից աղջիկ գտնեն և ամուսնանան։ Տղաներն ասում են` ոչ մի բանից դժգոհ չեն, որևէ դժվարություն չեն ունեցել այստեղ, ավելին, անասնապահության մեջ են հմտացել։
Ընկերության գործադիր տնօրեն Սասուն Ասատրյանը պատմում է` 15 աշխատակիցներից 3-ն ազգությամբ հնդիկ են։ Նրա խոսքով` ճիշտ է, սկզբում դժվար էր, քանի որ լեզվի խնդիր կար, սակայն հիմա նրանց հետ արդեն հայերեն են խոսում` լեզուն սովորել են։
24-летний Кака из Индии на ферме компании "Агрохолдинг"
հնդիկ Գուրպրիդսինգը Հայաստանում
«Հնդիկները շատ լավ աշխատողներ են` պատասխանատու, աշխատասեր։ Քանի որ նրանց հենց ընկերության տարածքում ենք ապրելու տեղ հատկացրել, միշտ հասանելի են, և վախ չկա, որ ինչ-որ սեզոնի կարող են խոպան գնալ` գործը կիսատ թողնելով։ Նրանց համար հստակ աշխատաժամեր կան և վարձատրվում ենք գրեթե այնքան, ինչքան մեր հայրենակիցներին»,–ասում է Ասատրյանը։
24-летний Кака, директор компании "Агрохолдинг" Сасун Асатрян и 26-летний Шаке
Սասուն Ասատրյանն ու նրա հնդիկ աշխատողները
Նրա խոսքով` հիմա աշխատողների կարիք ունեն և, օրինակ, ոչ մի կերպ չեն կարողանում հովիվ գտնել, որի համար մինչև 180 000 դրամ աշխատավարձ են հատկացնելու։ Ասատրյանը` ինքը Սպիտակ քաղաքից է, ասում է` գյուղերի տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, և մնացել են միայն նրանք, ովքեր ինչ-որ առողջական խնդիրներ ունեն։
Ի դեպ, գաղտնիք չէ, որ դրսի քաղաքացիներն այստեղ «էժան աշխատուժ» են համարվում և հաճախ անում են այն աշխատանքը, որը տեղացիներն այդ վճարով հրաժարվում են անել։

Ո՞ր երկրների քաղաքացիներն են նախընտրում հայկական աշխատաշուկան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2021-ի ընթացքում օտարերկրացի աշխատողների համար գործատուներին տրամադրվել է աշխատանքի շուրջ 330 թույլտվություն։
Հայաստան գալիս են աշխատելու հիմնականում Իրանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Ուկրաինայից։ Գործատուները թույլտվություն են ձեռք բերել նաև Կորեայի, Չինաստանի, Կանադայի, Արգենտինայի, Սիրիայի, Լիբանանի և այլ պետությունների քաղաքացիների համար։
Հայաստանում 2021-ին աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի քաղաքացիների թիվը՝
Օտարերկրացի աշխատողների համար թույլտվություն ձեռք բերած գործատուների մեծամասնությունը գործունեություն է ծավալում վեբ-պորտալների, հանրային սննդի կազմակերպման, վիրտուալ մոլախաղերի հետ կապված ոլորտներում։ Իսկ ինչ վերաբերում է հենց գյուղատնտեսության ոլորտին, ապա սոցապից հայտնում են, որ այս ոլորտում նույնպես ներգրավված են օտարերկրացիներ, հատկապես` անասնաբուծության գծով։
Ի դեպ, կառավարության որոշմամբ `գործատուն նախ իր թափուր աշխատատեղը պետք է համալրի ՀՀ քաղաքացիներով: Նման մասնագետ չլինելու դեպքում գործատուն կարող է գտնել իր պահանջներին համապատասխանող օտարերկրացու։

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածներին «բերման կենթարկե՞ն»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` մի շարք ոլորտներում աշխատատեղեր կան, ուստի կոչ է անում արտերկիր խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկել»։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե կա՞ արդյոք ծրագիր, թե ինչպես են «բերման ենթարկվելու» արտերկրում հաստատվածներին`  նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է, որ առաջիկայում կառավարությունը նոր ծրագրեր է գործարկելու։
«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ տարածքում սկսել է գործել նոր որոնողական համակարգ
«Ակնկալվում է, որ նոր ծրագրերի շնորհիվ կստեղծվեն աշխատատեղեր, և հնարավորությունների լայն շրջանակը մեր հայրենակիցներին կբերի հետ՝ հայրենի երկրում ապրելու և աշխատելու»,–նշված է պատասխանի մեջ` այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։
Սակայն մեր հայրենակիցներին «բերման ենթարկելը» չի նշանակում, որ բոլոր աշխատատեղերը պետք է նրանք զբաղեցնեն։ Էկոնոմիկայի նախարարությունից նշում են` չպետք է սահմանափակենք օտարերկրացիների` Հայաստանում աշխատելու իրավունքը, և աշխատանքի պետք է ընդունվեն լավագույն մասնագետները` անկախ ազգային պատկանելությունից։ Բացի այդ, ըստ նախարարության`  ցանկացած ոլորտում հաջողություն ունենալու և մեկ քայլ առաջ գնալու համար կարևոր է միջազգային փորձը և միջազգային մասնագետների ներգրավվածությունը նախագծերի իրականացման գործընթացում։
Եվ քանի դեռ կառավարությունը կյանքի չի կոչել այդ ծրագիրը, հայերը շարունակում են աշխատանք փնտրել դրսում, մասնավորապես Ռուսաստանում։

«Խոպան» գնացողի պակաս չկա

Արկադին «Զվարթնոցից» Ռուսաստան գնացող ուղևորների թվում է. նա սալիկապատող  է, արդեն 15 տարվա փորձ ունի ոլորտում։ Պատերազմից հետո, սակայն, չի կարողանում աշխատանք գտնել և միջավայրին հարմարվել։ «Մինչև պատերազմը գործերս լավ էին` տան ամենօրյա ուտելիքը մեր այգուց էր, իսկ մնացած ծախսերի համար էլ իմ ստացածը բավարար էր։ Հետո պատերազմ գնացի, եկա ու մի որոշ ժամանակ աշխատել չկարողացա` տեղս չէի գտնում... Բայց հետո ինձ հավաքեցի, սկսեցի գործ փնտրել և տեսա` առաջարկում էին գործ գրոշների դիմաց»,–ասում է Արկադին։
Հեղուկ վառելիքի շուկայում գնանկում կա. նոր բենզալցակայանների ցանց կունենանք. Քերոբյան
Նրա խոսքով` երբ շատ նեղն է ընկել, արդեն անգամ քիչ աշխատավարձով աշխատանք չի կարողացել գտնել։ Արկադին ասում է` պատերազմից հետո մարդիկ գումար և ցանկություն էլ չունեն տունը կարգի բերելու, և գործ էլ, բնականաբար, չկա։ Նշում է` առաջին անգամ պետք է երկրից դուրս գնա, հատկապես պատերազմից հետո իր սրտով չէ «խոպան» գնալը, սակայն աղջկա ուսման վարձը վճարել է պետք։
Արկադիին գոտեպնդում է Վահեն, որն արդեն մի քանի տարվա փորձ ունի արտագնա աշխատանքի։ «Ռուսաստանից լավ տեղ չկա, ախպերս։ 6 ամիս գնում-ճռռում ես, հետո գալիս տուն ու ձմռանը չես մտածում` բա տունս ոնց եմ տաքացնելու, բա երեխուն դպրոց ինչով եմ ուղարկելու»,–ասում է Վահեն ու թփթփացնում նոր–նոր ծանոթացած Արկադիի ուսին` ժպիտով հավելելով, թե` «բան չկա, կսովորես»։
Աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում
Վահեն նույնպես Ռուսաստան է գնում, որտեղ զբաղվում է ինչով ասես` հացի փռում է աշխատում, շինարարություն անում։ Ասում է` միայն նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով երկրից չի մեկնել, իսկ առհասարակ արդեն 10 տարուց ավել է` գնում–գալիս է։ Վստահեցնում է` եթե անգամ մեզ մոտ աշխատանք գտնի, չի ստանալու այն գումարը, ինչ Ռուսաստանում են վճարում։ «Մինչ այս ծիրան հավաքելու գործ էին առաջարկում` օրը 3000 դրամով։ Այսինքն` 10 ժամ արևի տակ ես ու 3000 դրամ ես տուն տանում։ Իմ փոխարեն մի իրանցի կար, նա աշխատանքի անցավ, քանի որ ընտանիք չունի, ձեռնտու է այդքան ցածր վարձավճարով աշխատելը»,–ասում է Վահեն։
Գործազուրկների թիվը Հայաստանում
 
Հավելենք միայն, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տվյալներով`  օգոստոսի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 90 300 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4 %-ով։