ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:
Հիշեցնենք՝ տնօրենի և ուսուցչի խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 2021թ–ի սեպտեմբերի 2-ին` «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ։
Դրանում Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։