ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնյանը պարտվեց 1։3 հաշվով՝ 2 պարտություն, 2 ոչ ոքի։
Առաջին օրվա դիմակայությունն ավարտվել էր 2։2 հաշվով։ Չորս պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի։
Այսպիսով, Արոնյանը կպայքարի երրորդ տեղի համար։ Նրա մրցակիցը կլինի կամ ՌԴ-ն ներկայացնող Վլադիսլավ Արտեմևը, կամ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջան։
Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 շախմատիստներ մրցում են շրջանաձև խաղակարգով, որից հետո 8 լավագույնները կորոշեն հաղթողին «նոկաուտ» համակարգով։
Մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Լե Կուանգ Լյոմը (Վիետնամ), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Ալիրեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Դանիել Նարոդիցկին (ԱՄՆ), Սանթոշ Վիդիտը (Հնդկաստան), Էրիկ Հանսեն (Կանադա), Յորդեն վան Ֆորեսթը (Նիդերլանդներ), Էվոնդեր Լյան (ԱՄՆ)։
Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար։