ՌԱԴԻՈ

Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ Հայաստանի զինված ուժերին. գնահատում է մեկնաբանը

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik  Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԶՈւ սպառազինության արդիականացման, նոր զինատեսակների ձեռքբերման խնդրին։ 
Sputnik
Ժամանակակից ՀՕՊ համակարգերից մինչև կործանիչներ, ցամաքային հակահրթիռային համակարգեր, ինքնագնաց հրետանուց մինչև հակատանկային հրթիռային համակարգեր, կառավարման ու կապի միջոցներից մինչև հանդերձանք. ՀՀ ԶՈւ-ն ըստ անհրաժեշտության և առաջնահերթության նոր սպառազինության կարիք ունի։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը։
«Նայած թե ինչ խնդիր է իր առջև դրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ լոկալ բնույթի, Հայաստանի սահմանների պաշտպանությա՞ն, թե՞ ռևանշիստական։ Կախված այդ մոդելներից` տարբեր սպառազինության համակարգեր են անհրաժեշտ։ Սա արդեն քաղաքական հարց է»,- ասաց նա։
Նրա խոսքով`հայկական ԶՈւ-ի՝ հիմնականում խորհրդային ժամանակների սպառազինության արդիականացման համար չենք կարող հույս դնել տեղական ռազմաարդյունաբերության վրա։ Այդ հարցում ռազմական մեկնաբանի ակնկալիքները մեծ չեն։ Նոր սպառազինության հիմնական կորիզը, միևնույն է, ներկրելու ենք, հատկապես այն զինատեսակները, որոնք կարող են ազդել զինված ուժերի բալանսի վրա։
«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները, մարդկային ռեսուրսների, փաստացի արդյունաբերության գրեթե բացակայությունը, պարզ է, որ Հայաստանը  ծանր սպառազինությունների արտադրությամբ չի զբաղվելու։ Դա  շատ հեռավոր ապագայի հարց է»,- ընդգծեց Հարությունովը։
Նրա կարծիքով` Հայաստանում առավել իրատեսական է կենտրոնանալ ավտոմատացված կառավարման համակարգերի, որոշ հրազենային զինատեսակների, նաև փոքր հրետանու, ականանետների ու որոշ անօդաչուների արտադրության վրա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Զինուժ մեդիայի» հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություններ ձեռք բերել։
Նա շեշտել էր, որ պլանավորում են ունենալ որակյալ և նոր սպառազինություն։ Նրա խոսքով` ավելի լավ է ունանալ քիչ, բայց որակով սպառազինություն` հստակ իմանալով, որ այն գործելու է։
Ըստ Արշակյանի`զենքի սեփական արտադրություն հիմնելու համար Հայաստանն ունի Ռուսաստանի աջակցությունը։