ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անօդաչու սարքերի համար առաջին ուսումնական զինափորձարանն արդեն գրեթե պատրաստ է և կփորձարկվի սեպտեմբերի 18-ին: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը, մրցույթին կմասնակցի դպրոցական 16 թիմ՝ 75 մասնակցով, 10 չափահաս սիրողական թիմ՝ 39 մասնակցով և երեք պրոֆեսիոնալ թիմ՝ 15 մասնակցով (էլեկտրոնիկայի արտադրության տեղական ընկերություններից):
Վանաձոր քաղաքից ոչ հեռու՝ Լեռնապատ գյուղում ստեղծված զինափորձարանը բաղկացած է թռիչքուղուց և արհեստանոցից։ Այնտեղ մեքենաները պատրաստվելու են թռիչքի և անհրաժեշտության դեպքում վերանորոգվելու են դրանից հետո:
Մրցույթը կազմակերպվել է ResponDrone ծրագրով, որը ֆինանսավորում են Եվրամիությունը և Հարավային Կորեայի կառավարությունը: Դրա նպատակն է օգնել ԱԻՆ-ի կարիքներին ծառայող անօդաչուների ստեղծմանը։ Այդ պատճառով առաջադրանքները մոդելավորելու են արտակարգ իրավիճակները. անօդաչուները պետք է ճանաչեն օբյեկտներն ու արձանագրեն դրանց գտնվելու վայրը, օգնության փաթեթներ նետեն, ինչպես նաև գրանցեն հրդեհների վայրերը և դրանց վրա ջուր լցնեն: Դրա համար առանձնացվելու են համեմատաբար փոքր տեղամասեր(մոտավորապես 50x50 սմ), բայց դրանք կթաքցնեն լեռնային կամ անտառապատ տարածքում, ուստի փնտրելը դժվար կլինի (պետք է ճանաչել ծխի քուլաներից):
Կառուցվել է 80 մետր երկարությամբ թռիչքուղի, այժմ այն երկարացնում են` հասցնելով 100 մետրի։ Դա թույլ կտա ավելի հեշտ գործարկել ոչ միայն ուղղաթիռային (կոպտերային), այլև ինքնաթիռային տիպի, այդ թվում՝ խոշոր անօդաչու թռչող սարքեր: Երկու սիրողական թիմեր արդեն փորձնական թռիչքներ են անցկացրել զինափորձարանում։
Հիմնադրամն իր հերթին դպրոցականներին և սիրողական տեխնիկներին կօգնի խորհրդատվությամբ (որ բաղադրիչներն է գերադասելի գնել` հաշվի առնելով մոդելի նախագիծը), իսկ դպրոցական 12 թիմերի համար հիմնադրամը գնել է այդ դետալները։
«Դպրոցական բոլոր թիմերն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից են, որոնք գործում են մի շարք դպրոցներում` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Սիրողական թիմերը ևս ոչ միայն Երևանից են․կան թիմեր Գյումրիից, մեկը՝ Գորիսից»,-ավելացրեց Վարդանյանը։
Մրցույթները կանցկացվեն նաև հետագայում և թույլ կտան բարձրացնել գործող և ապագա ինժեներների պատրաստվածության մակարդակը:
Կրթական հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակ հանգուցյալ Կարեն Վարդանյանի, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահը: Նրա ջանքերով Հայաստանի հարյուրավոր դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները։ Դպրոցականներն այստեղ սովորում են ծրագրավորման, էլեկտրոնիկայի, փայտի և մետաղի մշակման, 3D տպագրության հիմունքները:
10 տարվա ընթացքում մոտ 600 այդպիսի լաբորատորիաններ են ստեղծվել Հայաստանում, Արցախում և Ջավախքում։ Իսկ այս տարի հանրապետությունում սկսել են բացվել նաև անօդաչու սարքերի ArMath Airborne մասնագիտացված լաբորատորիաներ։