ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից ենթադրյալ հանցանքի մասին տեղեկություն պարունակող ձայնագրությունը Երևանի քաղաքապետարանն ուղարկել է ոստիկանություն։
Ինչպես Facebook-ում հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, նկատի ունենալով, որ հիշյալ նյութում հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում` այն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու ու համապատասխան ընթացք տալու համար։
Տնօրենի և ուսուցչի խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 2021թ–ի սեպտեմբերի 2-ին` «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ։
Դրանում Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, հիմա էլ «ատկատ» է պահանջում նրա ամեն ամսվա աշխատավարձից` պահանջելով դրա մի մասն իրեն տալ։
«8 ժամ դաս ես պարապում ընդամենը, ստանում ես իմ չափ գումա՞ր»,– սոցիալական կայքերում մեծ տարածում գտած ձայնագրության մեջ ասում է տնօրենը ուսուցչին,– ինչի՞ համար պետք է 300-400 հազար դու փող ստանաս»։
Ձայնագրության մեջ ուսուցչուհին նաև դպրոցի ուսմասվար Հասմիկ Կանջարովային պատմում է, որ տնօրենին «իրա ուզած գումարը սկզբից տվել» է, իսկ այս տարի սեպտեմբերին դարձյալ ծրարով մոտեցել է տնօրենին ու փող տվել, որը նա վերցրել է։
«Էդքան գումար տվել եմ` առձեռն, որ դու ինձ գործի ընդունես»,– ասում է ուսուցչուհին։
Ձայնագրության հաջորդ հատվածում արդեն պարզվում է, որ տնօրենը տեղյակ է ուսուցչի ու ուսմասվարի խոսակցության ամբողջ բովանդակությունից, ինչի դիմաց ուսուցչից պատասխան է պահանջում իր աշխատասենյակում։
Խոսակցությունից նաև պարզ է դառնում, որ պահանջված գումարները տնօրենը կոչում է «դպրոցի ֆոնդ»։
Խոսակցությանը ներկա ուսմասվարը հայտնում է, որ ուսուցիչը 13 դասաժամի դիմաց ստացել է 135 000 դրամ, որից նախկինում տվել է 28-29, ապա` 27, իսկ վերջում` 25 հազարական դրամներ։
«Փաստերի ստուգման հարթակը» նաև հայտնում է, որ կապ է հաստատել դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի հետ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք տնօրենը գումար է վերցրել ուսուցչից նրան աշխատանքի ընդունելու համար, հետո էլ՝ մաս պահանջել աշխատավարձից:
Տնօրենը նախ ասել է, որ Մելինե Հակոբյանն իրեն միայն ծաղիկներ, խաղալիք և քաղցրավենիք է նվիրել, որն ինքը տվել է դպրոցում գործող ներառական դասարանին։
Իսկ աշխատանքի ընդունվելու համար վերցրած կաշառքի լուրը Մալախյանը կտրականապես հերքել է։