Արշակ Կարապետյանը սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանին

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով` ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Այսօր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան
Սխերմերսը շնորհավորել է Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021թ.-ի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին սադրանքներ անելը թշնամու կողմից շարունակական բնույթ է կրում։
Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։