ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը բավականին անհանգստացնող ու շատ ծանր է։ Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ–ում տեսակցելուց հետո լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։ Այսօր հայտնի դարձավ, որ Չարչյանին հիվանդանոցից «Վարդաշեն» ՔԿՀ են տեղափոխել։
«ՔԿՀ–ի կողմից պարտականությունների կատարումն ավելի քան պատշաճ է, սակայն Չարչյանի առողջական վիճակը լավ չէ։ Նա մեծ քանակությամբ ինսուլին է ստանում, սակայն իր բնավորության համաձայն` չի պնդում, որ տեղափոխվի մասնավոր բժշկական հիմնարկ, բայց պետության պոզիտիվ պարտավորությունն է դա ապահովելը»,–ասաց նա։
Վարդևանյանը նշեց` բժիշկն ասել է, որ Չարչյանի դեպքում գործ ունենք կյանքի և մահվան ջրբաժանի հետ։
Նրա խոսքով` իրավիճակի միակ լուծումը խափանման միջոց կալանքը փոխելն է։ Պաշտպանը նշեց նաև, որ հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխման պատճառն այն է, որ Չարչյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց էր տեղափոխվել սրտի գանգատներով, և բժիշկներին հաջողվել է սրտի վիճակը կայունացնել։
Սակայն, ըստ փաստաբանի, շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները չեն կարգավորվել, իսկ «Նորք-Մարաշն» այն հաստատությունը չէ, որ կարող էր Չարչյանին իրենց մոտ պահել դիաբետի բուժման համար։
Նա հավելեց, որ տեսակցել են նաև «Հայաստան» դաշինիքի մյուս կալանավորված անդամներին` Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։
Հավելենք, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել արդեն պատգամավոր Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։