Թարմացնող ըմպելիք, որը կպաշտպանի գլխուղեղի կաթվածից և սրտի հիվանդություններից

Բավական անսպասելի արդյունքներ են բացահայտել հունգարացի գիտնականների 11 տարի տևած ուսումնասիրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սուրճը պարզվում է` ոչ միայն թարմացնում է, այլև նվազեցնում գլխուղեղի կաթվածի և սրտի մահացու հիվանդությունների զարգացման վտանգը։  Նման եզրակացության են եկել Զեմելվայսի համալսարանի (Հունգարիա) մասնագետները։
Ինչպես հայտնում է Dailynewshungary–ն, ուսումնասիրություններին մասնակցել է 468 629 մարդ, որոնց միջին տարիքը 56 էր։ Մասնակիցները բաժանվել են երեք խմբի` սուրճ խմելու իրենց չափաբաժնի համապատասխան. առաջին խմբում նրանք էին, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում, երկրորդում` օրական 1-3 բաժակ խմողներն էին, երրորդում` օրական 3 բաժակից ավելի։ Գիտնականները մասնակիցներին հետևել են 11 տարի։
Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկը
Այնուհետև նրանք գնահատել են սուրճի ամենօրյա օգտագործման կապը սրտի մահացու հիվանդությունների և ուղեղի կաթվածի զարգացման հետ` շտկելով հետազոտությունների արդյունքները, հաշվի առնելով այն գործոնները, որոնք ևս կարող էին ազդել սրտանոթային հիվանդությունների առաջացման վրա` այդ թվում տարիքը, սեռը, քաշը, հասակը, վնասակար սովորույթները, ֆիզիկական ակտիվությունը, արյան բարձր ճնշումը, շաքարախտը, խոլեստերինի մակարդակը, սոցիալ–տնտեսական կարգավիճակն ու մասնակիցների սնունդը։
Փորձի արդյունքներից ելնելով կարելի է եզրահանգել, որ չափավոր (օրական 1-3 բաժակ) սուրճ օգտագործելը կարող է 17%–ով նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը։ Բացի այդ, օրական մի քանի բաժակ սուրճ խմողների մոտ 21%–ով նվազում է գլխուղեղի կաթվածի և սրտի ծանր հիվանդությունների զարգացման վտանգը։
«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ սուրճի կանոնավոր օգտագործումն անվտանգ է և նվազեցնում է գլխուղեղի կաթվածի զարգացման, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Սակայն մենք պետք է շարունակենք ուսումնասիրությունները` բացատրելու համար այն մեխանիզմները, որոնք ընկած են սրտանոթային համակարգի նկատմամբ սուրճի  նման ազդեցության հիմքում», – ասել է ուսումնասիրության հեղինակ, բժիշկ Յուդիթ Սիմոնը։
Գիտնականները բացահայտել են «ապագան կանխագուշակելու» ուղեղի հնարավորությունը
Հետաքրքրական է, որ որպես կանոն սննդաբանները խորհուրդ են տալիս զերծ մնալ սուրճից։  Այսպես, օրինակ, սննդաբան Ելենա Կալենի կարծիքով` սուրճի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է վաղաժամ ծերության և լյարդի հետ կապված հիվանդություններ է առաջացնում։