ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սիգի արդյունագործական որսն այս տարի Սևանում կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը, և թույլատրելի որսի չափաքանակը կավելանա ևս 50 տոննայով։ Այս մասին որոշումը` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով, այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ այս փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած արդյունագործական որսի համար սահմանված 250 տոննա չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ փաստացի իրականացվել է միայն 221 164 կգ–ի որս։
Սիգի որսի համար Սևանի ափերին կահավորված 25 կետերից ձկնորսական կազմակերպությունների ու անհատների կողմից փաստացի օգտագործվել է 19–ը։
«Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսսի 31-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը»,– ասաց Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ նախարարությունը` որսի սեզոնի երկարացման ու չափաքանակի ավելացման հարցը քննարկել է Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ։