ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց և ՀՀ կառավարությունից պահանջում իրենց արժանապատիվ կյանքով ապահովել, կորցրած տների դիմաց փոխհատուցում կամ փախստականի կարգավիճակ տալ, որ իրենք կարողանան լքել երկիրը։
«Արդեն մեկ տարին լրանում է, ոչ մի ռեալ պատասխան կառավարությունից չենք ստացել: Մեր պահանջը հետևյալն է. թող գան հստակ ասեն, որ էսինչ ամսին, էսինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Կամ էլ թող մեքենաները նստեցնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք`կա՛մ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կա՛մ փախստականի կարգավիճակ տան, դուրս տանեն»,–ասաց ցուցարարներից մեկը:
Տղամարդու խոսքով` ցուցարարներից շատերի երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ո՞ւմ համար են ծառայում «կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների»:
«Մենք չենք ուզում Երևանի մեջ մնանք, մերը հողն ու ջուրն է, տվեք հող, ջուր, գնանք ապրենք: Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Կառավարության շենքի դիմաց հավաքվածները չունեն քաղաքական պահանջ։ Նրանց խոսքով` Քաշաթաղից ընդհանուր առմամբ տեղահանվել է 13 հազար բնակիչ` 3000 ընտանիք։
Քաշաթաղցիները հայտարարեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի իրենց ներկայացնեն որոշման նախագիծ, թե ինչպես են լուծելու իրենց խնդիրները:
«Եթե մեկ շաբաթվա ընթացքում նախագիծը չեղավ, մենք չիմացանք, թե ինչ է մեզ սպասվում հետագայում, ես ինքս պատրաստ եմ նստացույց անցկացնելու: Իրենք պարտավոր են մեզ ապահովել բնակարաններով, ապրելու տեղով»,-ասաց Քաշաթաղի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն` Հայաստանը Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղը (Քելբաջարը) նոյեմբերի 25-ին, նոյեմբերի 20-ին՝ Աղդամը, դեկտեմբերի 1-ին՝ Լաչինը։ Քաշաթաղի մարզի մեջ ներառվում էին և՛ Լաչինը, և՛ Քելբաջարը։