Նախարարը վստահեցնում է` այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի

Խաղողից ստացվող կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանման ծավալները կորոնավիրուսի հետևանքով նվազել են ու առայժմ չեն վերականգնվել։ Կառավարությունը որոշել է խթանել ոլորտի զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այն պլանները, որոնք ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, և կանխատեսվում է մթերել 180 000 տոննայի չափ խաղող, որը բավարար է, որ ամբողջ բերքը մթերվի` չհաշված նաև այն մասը, որ պետք է սպառվի տեղում ու որպես թարմ գյուղմթերք արտահանվի»,– ասաց Քերոբյանը։
Նախարարի խոսքով` մթերողներն անցյալ տարվա համեմատ այս տարի իրենց մթերման կարողություններն ընդլայնել են` օգտվելով նաև կառավարության լիզինգային ծրագրերից։
ՌԱԴԻՈ
Գյուղատնտեսության աճն ու մթերման հետ կապված անորոշությունը, կամ «ճտերն աշնանն են հաշվում»
Այսօրվա նիստում կառավարությունը նաև փոփոխություն կատարեց 2019թ–ին ընդունված աջակցության ծրագրում։ Դրանով այս տարի պետությունը կսուբսիդավորի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։
Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել է 2017 թվականից` ամեն տարի մթերումների գործընթացն ապահովելու ու ծագող խնդիրները լուծելու նպատակով։
2020 թվականին խաղողի մթերումները կազմակերպելու նպատակով ընդունվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և քսանչորսերորդ միջոցառումները, որոնցով ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով վերամշակող ընկերություններին տրամադրվել է մինչև 3 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 2 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գյուղատնտեսական հումքի մյուս տեսակների մթերման նպատակով տրամադրվել է մինչև 1.8 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 1.5 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով։ Ծրագրից օգտվել են 91 շահառու, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ներգրավել են շուրջ 23.5 մլրդ դրամի վարկ։
Վահան Քերոբյանը գինեգործների ու կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը
2020 թվականին ցուցաբերված պետական աջակցության շնորհիվ մթերվել է շուրջ 235 0000 տոննա խաղող։ Մթերված խաղողի ավելի քան 90%-ն ուղղվել է կոնյակի սպիրտի արտադրությանը, որը կարող է իրացվել առնվազն 3 տարի հնեցումից հետո։
Բայց կորոնավիրուսի պատճառով կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 30%-ով։ Իսկ 2021 թվականի 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 12 %-ով, բայց դեռ չի հասել 2019 թվականի մակարդակին։
Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին