Մենք էլ մարդ ենք, հերիք եղավ. կութեցին պետական մարմիններին մեղադրում է անգործության մեջ

Կութում բնակվող ֆերմերը Sputnik Արմենիայի հետ զրույցում դժգոհել է, որ արդեն 3.5 ամիս թշնամու թիրախում գտնվող գյուղացիների կենցաղով ու ճակատագրով պետությունը չի հետաքրքրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում ֆերմա հիմնած՝ Կութի բնակիչ Գևորգ Խաչատրյանին պատկանող անասնագլխաքանակի մի մասն այս գարնանն ադրբեջանցիներն «իրենցով են արել», իսկ սեպտեմբերի 1-ին ամբողջությամբ այրվել է ֆերմերի խոտհարքը:
Житель села Кут после борьбы с горящей травой
Կրակի դեմ պայքարելուց հետո
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը դեպքի օրը տեղում արձանագրել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական մեկ հաշվարկ ժամանել է հրդեհի բռնկումից 1,5 ժամ անց: 
Ավելի ուշ ԱԻՆ լրատվության վարչությունը հաղորդագրություն տարածեց, որ կեսօրից Կութում աշխատում է 16 հրշեջ։ Ռելիեֆային պայմաններից ելնելով՝ հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցրել ուսապարկերով, հետո սահմանվել է հերթապահություն։
«Ես և աշխատակիցներիցս մեկը  կրակը մարեցինք մինչև կեսօր: Դրանից հետո ժամանեց մեկ հրշեջ մեքենա` 4 հոգանոց խմբով, որից մեկը վարորդն էր: Տղաները պայքարում էին կրակը մարելու համար, բայց երեք հոգին քիչ էր: Ամբողջ խոտածածկ տարածքն  այրվեց, միայն հնձած խոտը կարողացանք փրկել: Երբ լրատվամիջոցներով կարդացի 16 հրշեջների մասին լուրը, շոկի մեջ էի։ Ես այնտեղ 16 հրշեջ չեմ տեսել»,- ասաց ֆերմերը:
Житель приграничного села Кут во время борьбы с огнем
Կրակի դեմ պայքարելիս
Ֆերմերը դեռ չի հաշվարկել իրեն հասցված վնասի չափը: Նրա խոսքով` մոտ 15 հեկտար տարածքն  ամբողջությամբ այրվել է, իսկ 2 հեկտարից հավաքած խոտը, որը հաջողվել է փրկել կրակի ճիրաններից, դեռ հարց է՝ անասունները կուտեն, թե ոչ, քանի որ սովորաբար անասունները չեն ուտում խոտը, որից ծխի հոտ է գալիս։
«Այդ խոտը պիտի հավաքեինք, որ մնացած անասուններին ձմռանը կերակրեինք, բայց հիմա ստիպված եմ դրանք էլ վաճառել` չնչին կոպեկներով, որ ֆերմայի համար վերցրած վարկերի գոնե մի մասը փակեմ», - նշեց Խաչատրյանը:
Ֆերմերը պատմեց, որ ադրբեջանցիները գողացել են 34 գլուխ խոշոր եղջերավոր անասուն `11 կով և 23 ցուլ, հիմա մնացել է ֆերմայի մի մասը միայն` 25 հորթ և 22 կով: Չարաբաստիկ հրդեհից հետո երիտասարդ ֆերմերը չի կարողանա անասնակեր գնել նրանց համար, ոչ էլ կկարողանա վճարել իր երեք աշխատակիցներին, որոնք այս աշխատանքով 2 ընտանիք են պահում:
«Հերիք է, էլի, մենք էլ մարդ ենք: Մեր անասունները գողացան` պետությունից ոչ մի ձայն, խոտհարքն այրվեց` ոչ մի բան, վարկերն էլ մի կողմից: Պետություն կա՞, թե՞ չկա, թուրքի բերանը կանգնած ենք եղել, մեկը կարո՞ղ է մեր կողքը կանգնել, թե՞ մենք մենակ հարկ ենք տալիս, ում ենք տալիս, ուզում են էն ինչն էլ մնացել է՝ ծախեմ, գցեմ ջուրը, թողնեմ այս երկրից գնամ, պրծնեմ»», - վրդովվեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Կութում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան: Հրշեջներն ու փրկարարներն արդեն մի քանի օր է` աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ, սակայն ադրբեջանցիներն անընդհատ հրդեհի նոր օջախներ են ստեղծում։
Житель села Кут после борьбы с горящей травой
Հրդեհի դեմ պայքարելուց հետո
Կութ, Սոթք, Նորաբակ և Ազատ գյուղերում բռնկված հրդեհների մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ  օմբուդսման Արման Թաթոյանը։ ՀՀ ՄԻՊ տեղեկություններով` վերջին օրերին ադրբեջանական սադրանքների հետևանքով Կութում այրվել է 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք: