ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. «Սևան» ֆուտբոլային ակումբի մակեդոնացի կիսապաշտպան Ֆիլիպ Դուրանսկին սեպտեմբերի 2-ին Սկոպյեում կայանալիք Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդիպումից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր հարազատ հավաքականի ուժեղ և թույլ կողմերի մասին, նաև վերլուծել Հայաստանի հավաքականի խաղը։
Դուրանսկին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի համար էլ սպասվող խաղը դժվարին փորձություն է լինելու, քանի որ 2 թիմերին էլ միայն հաղթանակ է հարկավոր։
-Ֆիլիպ, ի՞նչ կասես Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան առաջիկա խաղի մասին։
- Մրցաշարային աղյուսակն ու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու նպատակը նույն ճնշումն են գործադրելու թիմերի վրա։ Դիտել եմ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մի քանի հանդիպում ու հասկանում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին դժվար խաղ է սպասվում։ Մյուս կողմից էլ նույնը կարող եմ ասել Հայաստանի հավաքականի համար։
-Ինչի՞ շնորհիվ կարող է հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը։
-Մեզ համար տրիումֆ էր Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում խաղալը։ Դա մեծ փորձ էր հավաքականի ֆուտբոլիստների համար և վստահության զգացում սեփական ուժերի նկատմամբ։ Դրանից հետո էլ մեր ընտրանին պատմական հաղթանակ տոնեց Գերմանիայի պես գրանդ հավաքականի նկատմամբ։ Մոտիվացիան մակեդոնացիների մոտ առավելագույն մակարդակի վրա է։
Բացի այդ Հայաստանի հավաքականի հետ առաջին խաղը մակեդոնացիները խաղալու են սեփական հարկի տակ, դա էլ շատ կարևոր նշանակություն ունի։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի հավաքականին, բայց հուսով եմ`կհաղթի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը։ Ու այդ հաղթանակին մակեդոնացիները կարող են հասնել թիմային ու կարգապահ խաղով։
-Իսկ Հայաստանի հավաքականի մասին ի՞նչ կասես։
-Հայաստանի հավաքականում էլ շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները։ Բայց, միևնույնն է, բոլորից առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը, որին ես ֆանտաստիկ ֆուտբոլիստ եմ համարում։ Նա խաղացել է եվրոպական թոփ առաջնություններում, հիմա էլ իր վարպետությունը շարունակում է ցուցադրել իտալական ֆուտբոլի էլիտայում։
Գիտեմ, որ որակազրկված են Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը, որոնք նույնպես առանցքային ֆուտբոլիստներ են։ Կախված նրանից, թե ով և ինչպես կփոխարինի այդ ֆուտբոլիստներին, կարող է ազդել խաղի արդյունքի վրա։
-Ըստ քեզ` հայերը կարո՞ղ են հաղթել այս խաղում։
-Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է։ Համոզված եմ, որ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից երկու թիմերին էլ ձեռնտու չէ ոչ-ոքի արդյունքը։ Այսինքն` հաղթանակի համար մարտ է լինելու։ Հաղթել կարող է յուրաքանչյուրը, բայց միևնույն ժամանակ կան նրբություններ, որոնք կարող են ազդել խաղի սցենարի վրա։ Հայաստանի հավաքականում բացակայում են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, իսկ մակեդոնացիները շատ լավ հասկանում են, որ սեփական հարկի տակ միայն հաղթանակն է ձեռնտու արդյունք։
-Ո՞վ կարող է դառնալ առանցքային ֆուտբոլիստը երկու թիմերի կազմում առաջիկա խաղում։
- Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում ֆուտբոլիստ, որի շուրջ կառուցվում է ամբողջ խաղը, հիմա չկա։ Մակեդոնացիների հիմնական «զենքը» թիմային խաղն ու բարձր կարգապահությունն է։ Չեմ բացառում, որ ինչ-որ մեկը կարող է վճռորոշ պահին իր վրա վերցնել խաղն ու լուծում տալ խաղային դրվագին կամ ամբողջ խաղին։ Հայաստանի հավաքականում Մխիթարյանի գործոնը շատ կարևոր է, բայց նրա խաղի վրա կենտրոնանալով` մակեդոնացիները կարող են ազատություն տալ մյուս ֆուտբոլիստներին։ Կարծում եմ, որ խաղը վճռելու են ոչ թե առանձին ֆուտբոլիստները, այլ թիմային խաղն ու ոգին։
-Քո կարծիքով ո՞վ կարող է փոխարինել Գորան Պանդևին Հյուսիսային Մակեդոնիայում։ Չէ որ Պանդևը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։
-Գորան Պանդևի բացակայությունը իհարկե իրեն զգացնել կտա։ Ես կարծում եմ, որ Պանդևին ոչ ոք չի կարող փոխարինել։ Նա միակն էր որպես այդպիսին` և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես լավ մարդ։ Բայց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում կան նաև երիտասարդ ու պատվախնդիր ֆուտբոլիստներ։ Նրանք հավաքականի մարզաշապիկը կրելուն արժանի լինելու համար կռիվ են տալիս։
Հիշեցնենք,որ ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը երեք հանդիպումներից հետո վաստակել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներն ունեն վեցական միավոր։ Հաղթանակն առաջիկա խաղում կամրապնդի Հայաստանի հավաքականին դիրքերն աղյուսակի առաջին տեղում և ուժեղ հիմք կհանդիսանա աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր ձեռք բերելու գործում։