ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 2021թ–ին Հայաստանը վերականգնել է պատերազմից ու կորոնավիրուսից տուժած տնտեսական կայունությունը։ Այս մասին է վկայում 2021 թ–ի օգոստոսի 31-ին «Մուդիս» վարկանիշավորման հեղինակավոր միջազգային կազմակերպության հրապարակած ցուցանիշը, որը հավասար է 2019թ–ի նույն ցուցանիշին։
«Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում է պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը։ Ընդգծվում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է»,– այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով միջազգային կազմակերպության հրապարակումը։
Նախարարի խոսքով, սա շատ լուրջ ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը։ Ըստ նրա, «Մուդիսի» գնահատականն ընդգծում է նաև բարձր տնտեսական աճի ու կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման կանխատեսումները։
«Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում նաև պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ Չնայած 2020թ–ի արդյունքներով կառավարության պետական պարտք/ ՀՆԱ ցուցանիշն աճել է ու կազմել 63.5 տոկոս, «Մուդիսն» այս ցուցանիշով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքականությունը»,– ասաց Խաչատրյանը։
«Մուդիսը» նաև նշել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել ՀՀ տնտեսական վարկանիշի հետագա բարձրացմանը։ Դրանք են՝ մրցակցության բարձրացումն ու կառավարման ինստիտուտների բարեփոխումների արագացումը, օտարերկրյա ներդրումներն ու հարևան երկրների հետ լարվածության թուլացումը։