ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության ենթակառուցվածքը պատրաստվում է ԵԱՏՄ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին անձնագրերի փոխադարձ ճանաչմանը, ընդ որում՝ բուն ճանաչման հարցը իշխանության մարմինների իրավասությունն է։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ներկայացուցիչ Իյա Մալկինան:
«Պատվաստումների հավաստագրերի ճանաչման հարցը իշխանության մարմինների իրավասությունն է, ընդ որում՝ ԵԱՏՄ-ի ենթակառուցվածքը պատրաստվում է այդ իրադարձությանը: Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից մշակված «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածում արդեն հասանելի է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների պատվաստումների մասին հավաստումը ներբեռնելու հնարավորությունը: Ի դեպ, սեպտեմբերի 1-ից սկսած` հավելվածից օգտվում են ոչ միայն միության, այլև Ադրբեջանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Ուզբեկստանի քաղաքացիները»,-ասել է Մալկինան։
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։