Արցախում ռուս խաղաղապահների վերապատվաստում է սկսվել

Առաջին հերթին պատվաստումը ստանում են դիտակետերում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները, բժիշկներն ու ռազմական օդաչուները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սենսեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների պլանային վերապատվաստում է սկսվել կորոնավիրուսի դեմ։
«Լեռնային Ղարաբաղում սկսվել է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների պլանային կամավոր վերապատվաստումը նոր կորոնավիրուսային վարակի դեմ։ Այդ զինվորները պատվաստման ամբողջական կուրսն անցել էին մինչև 2021 թվականի հունվարի 1-ը», - նշված է հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ–V» պատվաստանյութով պատվաստվելուց առաջ զինծառայողները պարտադիր անցնում են ՊՇՌ թեստավորում, բուժզննում, ստանում են բժիշկների հանձնարարականները կրկնակի պատվաստման վերաբերյալ:
Հայաստանցիների 40 տոկոսը դեմ չէ պատվաստվելուն. oրական 6 000–ից ավելի մարդ է դիմում
Առաջին հերթին պատվաստումը ստանում են դիտակետերում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները, բժիշկներն ու ռազմական օդաչուները։
Արցախում COVID-19-ի դեմ արդեն կրկնակի պատվաստում են անցել ավելի քան 100 խաղաղապահ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: