ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը սմարթֆոնների տերերին նախազգուշացրել է հեռախոս արտադրող ընկերությունների, մասնավորապես՝ Apple-ի կողմից անձնական տվյալների և ֆայլերի մեջ ներթափանցելու վտանգի մասին։
«Ընկերությունը (Apple)-ը չափն անցնում է, նրանք սկսում են մտնել ձեր հեռախոսների մեջ և կարող են փնտրել ինչ ասես։ Նրանք կարող են փնտրել ինչ-ինչ քաղաքականապես անհարմար պահեր, ֆինանսական տեղեկատվություն, առհասարակ՝ ինչ ասես։ Եվ անգամ եթե դուք վստահում եք Apple-ին․․․ հենց որ Apple-ը նախադեպ ստեղծի, հենց որ նրանք որևէ մեկի հետ անեն դա, կիրառեն այդ տեխնոլոգիան (սմարթֆոնի մեջ տեղեկությունների որոնումը), նրանք կկորցնեն իրավունքը հայտարարելու, որ երբեք չեն կիրառի դա»,-ասել է Սնոուդենը «Նոր գիտելիք» մարաթոնի շրջանակում։
Նրա խոսքով՝ այդ տեխնոլոգիան հիմա միայն սկսում է գործարկվել ԱՄՆ-ում։
«Հենց որ Apple-ն ապացուցի, որ դա հնարավոր է, որ իրենք կարող են ինչ-որ որոշակի կոնտենտ փնտրել,․․․ հենց որ նրանք ասեն, որ կարող են տեսնել, թե ինչ կա ձեր հեռախոսի ֆայլերում, դա լուրջ խախտում կլինի (գաղտնիության)։ Մտածեք՝ Apple-ը կկարողանա՞ մերժել ԱՄՆ կառավարության, Ռուսաստանի կառավարությանը, Չինաստանի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կառավարությանը։ Իհարկե, պատասխանն է` ոչ»,-նշել է Սնոուդենը։
Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը պարզաբանել է, որ հիմա Apple-ում ցանկանում են անօրինական, ապօրինի կոնտենտը որոնել սարքերում նախքան այն պահը, երբ այդ տեղեկատվությունը կհայտնվի իրենց սերվերներում։ «Նրանք դա փաթեթավորում են որպես գեղեցիկ պատմություն այն մասին, որ այդ ամենը հանուն հենց ձեր անվտանգության է արվում, տվյալների պաշտպանության համար, բայց այստեղ հստակ սահման կա նրա միջև, ինչը նրանց սեփականությունն է, և նրա, ինչը ձեր սեփականությունն է»,-ասել է նա։
«Հիմա մասնավոր ընկերությունները, որոնք առհասարակ անելիք չունեն ձեր անձնական տվյալների մեջ, սկսում են մշակել հեռախոսը «ջարդելու», ձեր տվյալներին հասանելիություն ստանալու համար, և այդ մեթոդները վաճառում են այլ երկրների կառավարություններին»,-զգուշացրել է Սնոուդենը։
Սնոուդենի անվան շուրջ խոշոր միջազգային սկանդալ էր բարձրացել 2013թ․-ի հունիսին։ Նա Washington Post և The Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել համացանցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերի մասին։
Դրանից հետո նա մեկնել էր Հոնկոնգ, իսկ այնտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում։ Մի շարք այլ երկրների կողմից մերժումներից հետո Ռուսաստանը Սնոուդենին մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան տրամադրեց՝ պայմանով, որ նա կդադարեցնի իր գործունեությունն ԱՄՆ-ի դեմ:
2014թ․-ի օգոստոսին Սնոուդենը կացության եռամյա իրավունք ստացավ, որը նրան թույլ է տալիս ճամփորդել ոչ միայն ՌԴ-ում, այլև դրա սահմաններից դուրս։ Հետագայում Սնոուդենին Ռուսաստանում բնակության անժամկետ իրավունք ստացավ։ 2020թ․-ի նոյեմբերին փաստաբան Անատոլի Կուչերենան հայտնեց, որ Սնոուդենը մտադիր է ռուսական քաղաքացիություն ստանալ։