ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց հայրերը պետք է թողնեին ամեն գործ ու իրենց երեխաների ձեռքը բռնած դպրոց ուղեկցեին, նրանց, ինչպես շատերդ, ծաղիկ նվիրեին ու հուզված մտածեին` «էս ո՞նց այսքան արագ մեծացան»։ Բայց դրա փոխարեն ուռած աչքերով, բայց ժպիտը դեմքին սևազգեստ մայրերն են միայն երեխաներին դպրոց տարել։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց դասերից հետո մայրիկներն ուղիղ Եռաբլուր են տանելու` հայրիկին ցույց տալու իրենց աղջնակի սիրուն–սիրուն ժապավենով հավաքած մազերը, սև–սպիտակ համազգեստը կամ էլ տղայի նոր կոստյումը, որով ավելի նա ավելի մեծ է երևում։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց պետք է սիրուն–սիրուն հագած նկարեին և տատիկ–պապիկներին ուղարկեին նկարը. վերջիններս էլ պետք է խոստանային` դպրոց գնալու առթիվ նվեր են գնելու։ Սակայն հիմա տատիկները մենակ են նայելու թոռան նկարն ու հայացքը գցելով զոհված ամուսնու` սև շրջանակի մեջ դրված նկարին, մտքում ասելու են. «Գիտե՞ս` պապիկդ ոնց կհպարտանար քեզ այսպես տեսնելով»։
Այսօր նաև այն երեխաների սեպտեմբերի 1-ն է, որոնց մայրերն ինչքան էլ ամեն ինչ պատրաստել ու խնամքով, կոկիկ արտաքինով իրենց երեխային դպրոց են ուղարկել, սակայն այդպես էլ սիրտ չեն անելու անգամ նկարել երեխային, որ առաջին դպրոց այցից հիշատակ մնա։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց հայրերն անհետ կորած են ու մայրերը չգիտեն` սպասումը երբ և ինչով է ավարտվելու։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց հայրերը երազում են գոնե հաջորդ տարի տեսնել իրենց երեխային դպրոցական մեծ պայուսակով, ուզելով կամ չուզելով դպրոց գնալիս։ Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց` ադրբեջանական բանտում գտնվող հայրերը երազում են գոնե տեսնել իրենց երեխային։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնք վստահաբար նոր զգեստներ հագած կլինեին, իրենց ուզած նոր կոշիկը գնած կլինեին, քանի որ հայրիկն աշխատելու և հատուկ դրա համար գումար էր խնայած լինելու։ Այսօր նաև այն զոհվածների երեխաների օրն է, որոնք հին «շոր ու կոշիկով» են դպրոց գնացել և նկարվել–ցուցադրելու բան չունեն։
Այսօր նաև այն երեխաների սեպտեմբերի 1-ն է, որոնց դպրոցը մնացել է թշնամու տարածքում, որոնք հիմա մի քիչ անհարմարության զգացումով, բայց նաև հետաքրքրությամբ լեցուն նստած են նոր դասընկերների կողքին։
Այսօր նաև այն երեխաների սեպտեմբերի 1-ն է, որոնք ձանձրույթից հայացքը դուրս էին ձգում և ով իմանա` Ղազանչեցոցի կամ Կանաչ ժամի տանիքին նստած աղավնիներին տեսնում` «Կտոր մը երկինքի» Թորիկի նման մտովի խաղում դրանց հետ, իսկ եկեղեցու զանգերի ձայներից հանկարծ սթափվում ու նորից սկսում դասը լսել։
Այսօր նաև այն երեխաների օրն է, որոնց հայրերը դիրքերում են և այդպես էլ չեն կարող առաջին օրով իրենց երեխաներին դպրոց ուղեկցել, նրանց միայն Skype-ով են այսօր տեսնելու` եթե, իհարկե, ստացվի...